ԷՐԳԻՐ
Ինչպես տեղեկացրել էինք «Իրավունքը de facto»-ի նախորդ համարում, մեր ընթերցողին ենք ներկայացնում մեծանուն դերասան Արման Կոթիկյանի` Մեծ եղեռնի օրերին կատարած մի քանի գրառումներ, որոնք, ամենայն հավանականությամբ, այս տարի առանձին գրքով լույս կընծայի «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը։
Պատմողը Մարիամ Քսաքօլեան անունով 25 տարեկան օրիորդ է` Արզալիա գյուղից:
«Յունիս 10-ին խումբ մը ժանտարմաներ գիւղ գալով, հայրս` Զատիկը, հօրեղբայրս` Մելքոնը և փոքր եղբայրս Յարութիւնը ձերբակալելով քաղաք տարին: Հայրս երբ ձերբակալման պատճառը հարցուց, պատասխանեցին` «Չենք գիտեր, բայց աննշան բան մը ըլլալու է»: Երկու օր վերջ իմացանք, որ նաւակի մը մէջ դրած ծովը նետեր են, հայրս և եղբայրներս ոչ մէկ կուսակցական գործերու չէին խառնուեր, հետևաբար անբացատրելի մնաց բոլորին համար անոնց ձերբակալման պարագան և լսողները ապշած մնացին:
Յունիս 18-ին արդէն բոլորս հաւաքեցին և քաղաք իջեցուցին: Նոյն օրն իսկ ճամբայ ելանք: 200 հոգի կը լինէր մեր խումբը, բոլորը կին, աղջիկ և 10-12 տարեկան երախայ: Մինչև Այվասիլ կոչուած տեղը քալեցինք (քաղաքէն 1 ժամ հեռու): Այնտեղ երախաները, կիներն ու աղջիկները ջօկելով, առանձին խումբերու վերածեցին և նորէն առաջ քշեցին: Մեզմէ զատուողներուն երեսը անգամ մըն ալ չի տեսանք: Մեր խումբը մնաց 100 հոգի: Գուզ-խան հասնելով տեսայ, որ երախաներ կան այնտեղ առաջունէ բերուած: Նոյն գիշերը այդ խանին մէջ մնացինք, իրար վրայ դիզուած գրեթէ: Դուռը պինդ փակեցին, առանց հաց ու ջուր տալու մեզ: Յաջորդ ցերեկը նոյնպէս: Գիշերը հասնելուն` խանէն դուրս հանեցին մեզ և քիչ մը վերը` Եազըլի-Տաշ կոչուած տաղը տարին, ուր քարաքօլ (պահականոց) հիմնած էին:
Այնտեղ մեզ բոլորիս մերկացուցին. ամենածայրահեղ գազանութիւնները ի գործ դրին մեր վրայ: Սիրանուշ անուն գեղեցիկ հարս մը, այդ մերկ վիճակի մէջ բռնի պարել տուին: Յետոյ խումբին չաւուշը` Շաքիր, կնոջ ուսերուն վրայ բարձրացաւ, և հրամայեց որ քիչ մըն ալ այդպէս պարէ: Ամօթէն իրար երես չէինք կրնար նայել և աչքերնիս կը փակէինք: Չէթաները սկսան մեզ մտրակել, որ բանանք աչքերնիս և դիտենք պարը:
Քիչ յետոյ սկսան գազաններու պէս վրանիս յարձակել և կարգով բռնաբարել ու լլկել մեզ:
Այդպէս տևեց 2-3 ժամ: Արդէն ամէնքս կիսամեռ վիճակի մատնուած էինք, մանաւանդ 12-13 տարեկան աղջիկները, որոնք գժուեր էին և չէին ըմբռներ, թէ ի՞նչ կը կատարուի: Ոմանք շան պէս կոռնային, ոմանք զիլ կը խնդային և ճերմակ լորձունքներ դուրս կուտային:
Կէսգիշերը անցած էր, երբ սկսան սուինահարել մեզ, սարսափելի ճիչ և վայնասուն սկսաւ, որ չեմ կարող բացատրել: Երեք սուինի հարուածներ ստացայ գլխէս, և մի չորրորդ ալ աջ ստինքիս տակէն թեթև կերպով: Վրաս ուրիշ դիակներ ինկան և ես մնացի այդ դիակներու տակ: Ձայները դադրեցան, ջարդը վերջացաւ, խաւար տիրեց: Զգացի ողջ ըլլալս և դիակներուն մէջէն դուրս գալով, կենդանիի պէս չորս ոտքի վրայ սկսայ քալել գիշերուան մէջ: Ցորենի արտ մը հասնելով պառկեցայ. սաստիկ յոգնութիւնէս քունս տարաւ: Արթնցայ` որ արդէն ցերեկ է: Արտը բաւական հասած էր, հետևաբար կարող էի առանց տեսնուելու մէջը ծածկուած մնալ: Քանի մը յոյն կիներ փայտ հաւաքելու համար նոյն արտին շուրջերը եկեր էին, զիս տեսնելով, մօտեցան և շալակնին առնելով տարին իրենց տունը: Քանի մը օր հոն մնացի: Վերքերս ինձ շատ կը նեղէին: Բարեբախտաբար նոյն գիւղին մէջ - որ կը կոչուէր Կոնակա, հանրածանօթ յոյն բժիշկ-քահանայ մը կար` Պապա-Եանի անուն: Սա զիս իրեն մօտ առնելով ամէն օր վէրքերս կը դարմանէր, իր տան մէջ կար նաև նոյնպէս կոտորածի վայրէ փախչող վիրաւոր կին մը Պալեաններէ: Ութ ամիս մեզի ամենայն անձնվիրութեամբ խնամեց և բուժեց վէրքերնիս: Ռուսական բանակի մուտքով Երևան ելանք»:
Պատմողը դեպքին ականատես տիկին Տիրուհի Ֆլեորն է` ուսուցիչ Նուրիխանի աղջիկը:
«1915 հունիս 18-ին 60 հատ ժանտարմներ և զինուորականներ, միասին առած կարգ մը գիւղացիք, Թօց գիւղը եկան և բոլոր քաղաքացի ընտանիքներս, որ քաղաքի ռուսական պօմպարտըմանէն փախչելով ապաստանած էինք այս ամարանոցը, հաւաքելով փակեցին Պողոս Մարիմեանի տան մէջ: Այդ ընտանիքներու մէջ կը գտնուէին ի միջի այլոց Միսիրեան, Մարիմեան, Նուրիխանեան, Նուրեան, Խանպէկեան և այլն գերդաստանները: Նաև Հայր Կարապետ Տէր-Սահակեան 32 տարեկան Մխիթարեան վարդապետը, որ ծանօթ է շատերու, որպէս գրագէտ-բանասէր:
Այս խումբը սուիներով շրջապատած առաջնորդեցին կէս ժամ հեռաւորութեամբ Անիֆա կոչուած գիւղին ձորերուն մէջ և սպանեցին: Դիակները առանց թաղուելու մնացին ձորին մէջ, և տասը ամիս վերջ, երբ ռուսական բանակը Տրապիզոն մուտք գործեց, լատինացի կղեր Բէռ Քաբուչչի լուսանկարեց այդ կմախքներն ու գանկերը (նկարը ունիմ ձեռքիս տակ):
Սպանուած Հայր Կարապետ Տէր-Սահակեան ունեցած է շատ մը ձեռագիր աշխատութիւններ, որոնք թուրք կառավարութիւնն այրած և փճացուցած է»:
Պատմողը Շանայի նախկին մուխթար Միթթատ Ական և Ճօշարա գյուղի ականատես գյուղացիներն են։
«Յունիս 17-ին Պաթումցի հանրածանօթ իսլամ-վրացի Ասլան պեյ, որ թուրք բանակի մէջ սպայ էր դարձած, իր հրամանատարութեան ներքև խումբ մը ժանտարմաներով և չէթաներով Ճօշարա գիւղը բարձրացաւ` ժողովուրդը հաւաքելու:
Ասլան պէյ և իր մարդիկը սկսան իրենց վայրագութիւնները, երբ ժողովուրդին մեծ մասը դեռ կը մնար գիւղին մէջ, 20-30-ի չափ տղամարդ, կին և երեխայ սպանելով չոր հորի մը մէջ նետեցին, որոնց ոսկորները դեռ կը մնան նոյն հորին մէջ: Տիվրիկ Մէհմէտ, Հաճի Ալի Հաֆըզ զատէ Էօմէր և Հագգը եղբայրները (Իթթիհատի շէֆեր և չէթա), Պէքեար օղլի Ալիի որդին Էօմէրը աննկարագրելի ոճիրներ գործած են Ասլան պէյի հետ միացած: Կիներու և աղջիկներու ճիտերը չուաններ ձգելով երկու կողմէ քաշքշած են` ծիծաղելով ու ծաղրելով, և այդ կերպ խեղդած…»:
Պատմողն է` նախապէս Պաթում բնակող, իսկ հիմա գործող բանակի մէջ աֆիցէր Եօրտանով, որ լսած է յոյն և թուրք շատ մը գիւղացիներէ: Իրեն պատահեցայ Կիւմիւշխանէի մէջ, Բ. Տիրատուրեանի հետ միասին:
«Մավրանկէլի մէջ (Կիւմիւշխանէի շրջան) 1500 հոգու չափ տրապիզոնցի առաջաւոր ընտանիքներեն տղամարդ, կին և երեխայ, գազանային բարբարոսութեամբ մը սպանած են:
Իրենք` գիւղացիք, դիմած են խումբը տանող զինուորական մեծին և խնդրած են, որպէսզի ատոնք սպանելու սրբազան գործն ալ իրենց վիճակուի: Նախ շատ լաւ կողոպտելէ ետք, կիները, իրենք փորած են փոսեր մրջիւնային աշխատանքով, և ոմանք ողջ, ոմանք կիսամեռ վիճակի մէջ նետած են այդ փոսերու մէջ:
Զոհերը այնքան շատ են եղած, որ միջոց չէ մնացած հողով ծածկելու ամբողջութեամբ, այնպէս որ ոմանց գլուխը, ոմանց թևը, ոմանց փորը հողէն դուրս է մնացած:
Երեք օր ու գիշեր, այդ ամբողջ գետինը կը հևար ու կաղմկէր խուլ մղկտոցներով: Հողը մէկ վեր կը բարձրանար ու մէկ ցած կիջնէր, կիսամեռներու և հոգևւարքներու շնչառութենէն:
Երբէք պիտի չի հաւատայի այս առասպելին, եթէ աչքով տեսնողներ վկայութիւններ չընէին: Ես դեռ երէկ Մավրանկէլ գիւղն էի:
Իսկ երբ ռուս բանակը մօտեցած է նոյն գիւղին, փոսերը կրկին բանալով ոսկորները հանած, այրած և ապա փախած են թուրքերը, ըսելով, որ կեավուրներուն ոսկորներն ալ թող չի մնան…
Վերջացնելով պ. Եօրտանով խիստ յուզուեցաւ և դառնօրէն լաց եղաւ»:
Նյութը տպագրության պատրաստեց
Սերգեյ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ